Մայիսի 17-20-ը կրթահամալիրում մեկնարկեցին բլոգային-նախագծային քառօրյա վերապատրաստումները։ Մասնակիցները չորսն էին՝ Գրիգորյան Կարինե, Գրիգորյան Զառա, Ավագյան Սիրանուշ, Ռաֆայելյան Նունե։ Ավագյան Սիրանուշը հրաժարվեց մասնակցել վերապատրաստումներին երկրորդ օրվանից։
Առաջին օրը ծանոթացանք հեղինակային կրթական ծրագրին, մեդիամիջավայրին՝ mskh.am, Մեդիագրադարան, «Դպիր», կրթահամալիրի դասավանդողների, սովորողների ուսումնական բլոգներ։ Բացեցինք հասցեներ Gmail.com հարթակում, ծանոթացանք վերապատրաստման ծրագրին, ապա քայլեցինք կրթահամալիրի քանդակների պուրակով, եղանք Գինու և խաղողի դպրոցում։
Վերապատրաստման երկրորդ օրն սկսվեց տպավորիչ համերգով՝ Հարություն Թոփիկյանի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբի հոբելյանական միջոցառմամբ։ Օրվա երկրորդ մասում ծանոթացանք ուսումնական բլոգին, WordPress.com հարթակին, գրանցվեցինք, ծանոթացանք բլոգների աշխատասեղանին. dashboard-ի բաժիններին, կիրառություններին։ Պայմանավորվեցինք հեռավար աշխատանքով բլոգներում հրապարակել առաջին նյութը, միասին քննարկել առաջացող խնդիրները, լուծել՝ համապատասխանեցնելով ըստ բլոգներին ներկայացվող պահանջներին։
Երրորդ օրվա աշխատանքներն ուղղված էին նախագծային ուսուցմանը։ Ծանոթացանք ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգին, ուսումնական նախագծի կառուցվածքին։ Վերապատրաստվողները ներկայացրին նախագծեր կազմելու թեմաները, քննարկեցինք
մշակման սկզբունքները, բովանդակային ուղղությունները։
Քառօրյա վերապատրաստման վերջին օրը Մանկավարժության կենտրոնի ղեկավար Լուսինե Փաշայանը ներկայացրեց մանկավարժական աշխատողին վերաբերող կարգերը, ապա մասնակիցները ներկայացրին իրենց կազմած ուսումնական նախագծերը։ Միասին քննարկեցինք, շտկումներ արեցինք։ Վերապատրաստման հաշվետու-պատումները մասնակիցները տեղադրել են իրենց բլոգներում։